Հայաստանի և արտերկրի հայության բոլոր շերտերի մոտ ամրագրված է երեք տասնամյակի քաղաքական, իրավական, տնտեսական, սոցիալական և հոգևոր միաբանության ձախողման փաստը։ Հայ իրականության մեջ գործող լիբերալ-պահպանողական, լիբերալ-դեմոկրատական, ազգային ազատագրական, քաղաքական և հասարակական ուժերը, նրանց հարող կազմակերպությունները և անհատներն այդպես էլ հայ հասարակությանը չկարողացան դուրս բերել տևական ճգնաժամից։
Համահայկական Վերնախորհուրդը /Սենատ/ պնդում է՝ Հայ ժողովրդի տևական ճգնաժամը հնարավոր է հաղթահարել միայն «Ազգային դաշինք» ձևավորելու միջոցով (ԱզԴ)։ Դաշինքի գերխնդիրն է վերականգնել Հայաստան Պետության իրավունքը՝ 1920թ․ նոյեմբերի 22-ի միջազգայնորեն ճանաչված սահմաններով։
Գիտակցելով հայության շուրջ և հայության ներսում էական, բայց ոչ սկզբունքային տարաձայնությունների փաստացի վիճակը` Համահայկական Վերնախորհուրդը /Սենատ/ առաջարկում է բոլոր շահագրգիռ կողմերին ծանոթանալ 21.09․2012 թվականին հրապարակված «Քարվաճառի հռչակագիր»-ին։ «Քարվաճառի հռչակագիր»-ն ընդունել հիմք՝ «Ազգային Դաշինք» ձևավորվելու համար։ Ձևավորվող «Ազգային Դաշինք»ի մասնակիցները պարտավոր են հանդես գալ սույն հայտարարության և «Քարվաճառի հռչակագիր»ի ոգուն համահունչ եզրափակիչ ակտով։
ՀՌՉԱԿԱԳԻՐ
21/09/2012թ․
Ա. ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ
Ինքնիշխան և անկախ պետականությունn ազգային ինքնակազմակերպման գերագույն ձևն է և Հայության հարատևման միակ երաշխիքը: Անվերապահորեն մերժելի է Հայաստանի ներգրավումն ազգային ինքնիշխանությունը սահմանափակող որևէ դաշնային, համադաշնային, նորակայսերական, վերազգային կամ վերպետական կառույցին:
Բ. ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅՈՒՆ
Հայությունն՝ ի դեմս ազգային պետականության, հայրենի ողջ տարածքի նկատմամբ ունի անժամանակյա, անօտարելի և բացարձակ հայրենատիրության իրավունք:
Ըստ այդմ.
– Հայոց առկա ազգային-պետական սահմանները, ներառյալ Արցախի ողջ ազատագրված տարածքը, ամբողջությամբ անձեռնմխելի և անսակարկելի են:
– Մերժելի է ցեղասպանության իրավաքաղաքական և տարածքային հետևանքները վերացնելու հրամայականից հրաժարվելու, ինչպես նաև հայ-թուրքական ապօրինի բաժանարար գիծը որպես պետական սահման ճանաչելու որևէ ոտնձգություն:
Գ. ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ
Հայաստանում հայերենը՝ որպես միակ պետական լեզու, վայելում է բացարձակ գերակայություն: Պետական կառավարման, կրթության, պաշտոնական գործավարության և հանրային նշանակության բոլոր ոլորտներում Հայոց լեզվի բացարձակ կարգավիճակի դեմ յուրաքանչյուր ոտնձգություն իսպառ մերժելի
Դ. ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԿԱՐԳ
Հայոց պետության կայացման պարտադիր նախապայման է ազգային համապարփակ համաձայնությամբ, գիտակցված և ազատ կամարտահայտմամբ սահմանադրական իրավակարգի հաստատումը և խստագույն պահպանումը: Կտրականապես մերժելի է սահմանադրական կարգով հաստատված քաղաքացիների իրավահավասարության դեմ որևէ ոտնձգություն:
Ե․ ԲՆԱԿԱՆ ԸՆՏԱՆԻՔ
Հայաստանում բնական ընտանիքը, որպես տղամարդու և կնոջ ամուսնական միություն պետք է ունենա բացարձակ մենաշնորհային իրավունք։
Հռչակագիրը տրամադրեց Վ․ Վահրադյանը, ՀՀ
Պատասխանատուներ՝
Տ․ Գրիգորյան, ՌԴ
Ա․ Բադալյան, ՀՀ
Զ․Մուղդուսյան, ՀՀ
Վ․ Մահճիկյան, Մերձավոր Արևելք
Մ․Մարտիկյան, Լիբանան -Իրան
Վ․ Մեսրոպյան, ԱՄՆ
Ա․Դավթյան, Ուկրաինա, Բելառուս, Մոլդովիա
Հաստատում եմ՝ Ա․ Մկրտչյան
Համահայկական Վերնախորհուրդ /Սենատ/
Գերմանիա
20․05․2020թ․