ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՍԵՆԱՏԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ (ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ)

Սեպտեմբերի 23-24-ին Երեւանում Կոմպոզիտորների միության տան դահլիճում կայացավ «Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքը, որի նախաձեռնողներն էին «Հայաստանի Մտավորականների Ֆորումը և Ավագանին» (Հայաստան), «Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիան» (ԱՄՆ, Գերմանիա, Հայաստան), «Տեսակետ» քաղաքական-վերլուծական հաղորդաշարը (ԱՄՆ), «Հայաստան ժողովրդական նախաձեռնությունը» (Հայաստան) և «Հայկական Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոնը» (Հայաստան) կազմակերպությունները։

Հավաքում տեղի ունեցան «Սենատ» ՝ համահայկական կառույց ձևավորելու մասին քննարկումերը։ Բացման խոսքով ելույթ ունեցավ ֆ․մ․գ․թեկնածու Ազատ Սարգսյանը։ Երկօրյա աշխատանքային ծրագիրը բավական հագեցած էր, քննարկումները գնացին հինգ ձևաչափով՝ ծրագրային ելույթներ, ազատ ելույթներ, սկայպով ելույթներ, քննարկումներ և ամփոփում։ Ծրագրային ելույթները ներկայացված էին հետևյալ հերթականությամբ՝ 1․«Արևմտյան Հայաստանի իրավաքաղաքական խնդիրները»։ Ելույթ ունեցան պ․գ․թ․ Արմեն Խաչիկյանը՝ «Վ․ Վիլսոնի Իրավարար Վճռի շուրջ » թեմայով , պ․գ․թ․ Նորիկ Սարգսյանը՝ «Ղարսի և Սուրմալուի օտարման խնդիրների շուրջ» թեմայով։ 2․«Արևելյան Հայաստանի իրավաքաղաքական խնդիրների շուրջ»։

Ելույթ ունեցավ գրող և հրապարակախոս Բ․Կարապետյանը, «Նախիջևանի խնդրի շուրջ» թեմայով իրենց խոսքն ասացին Նախիջևանի կառուցի անունից՝ Սերգեյ Դավթյանը և կինովավերագրող Խաչատուր Մարգարյանը։ «Ադրբեջանի և Բաքվի հայության խնդիրերի շուրջ» իրեց տեսակետները ներկայացրեցին Գրիգորի Այվազյանը և Մարիամ Ավագյանը։ «Արցախի խնդիրների շուրջ» ելույթ ունեցավ Նաիրա Խառատյանը։

Ամփոփիչ խոսքը տրված էր քաղաքագիտության դոկտոր Լ․Շիրինյանին։ 3.«20-րդ դարի Հայաստան Պետության իրավաքաղաքական և մշակութային անցումները» բաժնում զեկույցներով հանդես եկան Պարույր Հայրիկյանը, աստվածաբան Վարդան Խաչատրյանը, մշակութաբան Կարինե Հայրապետյանը(Գերմանիա)։ Սկայպ կապով ելույթ ունեցավ ԱՀՎԿ վարչապետ Արամ Մկրտչյանը (Գերմանիա)։ 4․«Հայոց իրավունքի վերահաստատման սկզբունքները և այդ ուղղությամբ անելիքները» թեմայով զեկույցներով հանդես եկան հասարակական -քաղաքական գործիչ Արծրուն Պեպանյանը (Երևան) և Քրիս Խաչիկ Շահինյանը (ԱՄՆ)։ Սկայպով ելույթներ ունեցան ԱՀՎԿ փոխ վարչապետ ՆԳ գծով Վահե Մեսրոպյանը (ԱՄՆ),պրոֆեսոր Լևոն Բեգլարյանը (ՌԴ,Մոսկվա )։

Ըստ նախատեսված աշխատանքային ծրագրի, երկրորդ օրը աշխատանքերը սկսվեց նախաձեռնող խմբի « ԱՄՆ, ԵՄ, ՌԴ, Հայաստան, Մերձավոր Արևելք , Ավստրալիա և այլ տարածաշրջանների հայկական կառույցների մասնակցությամբ Սենատ ձևավորելու մասին» առաջարկի շուրջ քննարկումներով ։ Հանդես եկան Սուրեն Գրիգորը, Քրիս Խաչիկ Շահինյանը, «Նժդեհյան Ցեղակրոն Կուսակցության» նախագահ Գեվորգ Հովսեփյանը, «Նախկին Խորհրդարանականների Միավորման» անունից Վարդան Պետրոսյանը։

Սկայպ կապի միջոցով ելույթ ունեցան Աջարիայի հայերի միության նախագահ Գրիգոր Վարդանյանը (Վրաստան), Թագադիր Գերագույն խորհրդի ներկայացուցիչ իշխան Տ․Բագրատունին (Գերմանիա) ։

Հայրենակցականների խնդրի շուրջ զեկուցումով հանդես եկավ «Արծվաբույն Զեյթուն» հայրենակցական միության նախագահ Դավիդ Ալեքսանյանը։ Տեղի ունեցան քննարկումներ և կազմակերպիչների անունից ամփոփիչ հայտարարությամբ հանդես եկավ ֆ․մ․գ․թեկնածու Ազատ Սարգյսանը։ Հայտարարության տեքստը կհրապարակվի մոտ օրերս։


ՀԱՅՏԱՐԱՐԱԳԻՐ

Մենք՝ «Հայկական Բարձրավանդակը՝ Հայաստանը համայն հայության բնօրրանն է» խորագրով հավաքի նախաձեռնողներս,

  • առաջնորդվելով Հայաստանի անկախության մասին հռչակագրի /1918թ․/, Սևրի հաշտության պայմանագրի /1920թ․/, նրանից բխող Վ. Վիլսոնի Իրավարար Վճռի անբեկանելի դրույթներով և ողջունելով Հայաստանի Հանրապետության /1991թ․/ անկախությունը,
  • հաշվի առնելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համահայկական /2015թ․/ և Հայ ժողովրդի ամբողջականության վերականգնման /2015թ․/ հռչակագրերը,
  • առաջ տանելով Հայ ժողովրդի իրավաքաղաքական և քաղաքակրթական խնդիրները,
  • նկատի ունենալով իրավաքաղաքական և քաղաքակրթական ճգնաժամերի կրկնության տենդենցը և արդի վտանգավոր զարգացումները մերձավոր-արեվելյան տարածաշրջանում,
  • կարևորելով ստեղծված պատմական, իրավաքաղաքական անցումային փուլը հաղթահարելու համար հայ ժողովրդի միասնականության նոր ինստիտուցիոնալ աստիճանի ստեղծումը,
  • համոզված լինելով, որ յուրաքանչյուր ազգ իր հայրենիքում /բնօրրանում/ ապրելու և արարելու անօտարելի իրավունքը անվիճարկելի է,
  • հաշվի առնելով նաև Արևմտյան Հայաստանի խնդիրներով զբաղվող այլ կառույցների հասարակական, քաղաքական ձեռքբերումները,
  • հավատարիմ մնալով Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրի, Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության Կոնվենցիայի դրույթներին և ընդունելով բնիկ ժողովուդների իրավունքների վերաբերյալ ՄԱԿ- ի ընդունած հռչակագիրը,
  • հիմք ընդունելով Արևմտյան Հայաստան Պետության Վտարանդի Կառավարության և Ազգային Ժողովի կողմից ԱՄՆ պատկան մարմիններին ուղղված դիմումը և պաշտոնապես ստացած Վ. Վիլսոնի Իրավարար Վճռի 59–րդ պաշտոնական կրկնօրինակը, Ռուսաստանի Դաշնության Սահմանադրական Դատարանին ուղղված Ռուս–Թուրքական պայմանագրերի չեղարկման հայցադիմումը և պաշտոնապես ստացված պատասխանը, հաստատում ենք, որ ձեռնամուխ ենք լինում ձևավորելու Համահայկական «Սենատ» իրավաքաղաքական մարմինը։

Նախաձեռնող խումբը համարում է, որ Սենատի աշխատանքային ուղղություններն են՝

  1. ՄԱԿ–ի Անվտանգության Խորհրդին ներկայացնել Օսմանյան Կայսրության տարիներին իրենց բնօրրանից բռնի տեղահանված, ապա Նանսենյան Անձնագրով փախստական ճանաչված հայության հայրենատիրության իրավունքը։
  2. Միջազգային, միջպետական բարձրագույն հարաբերություններում ներկայացնել արտերկրում ապրող հայ ժողովրդի հայրենատիրության իրավունքները։
  3. Միջազգային, միջպետական բարձրագույն ատյաններում ներկայացնել արտերկրում ապրող հայ ժողովրդի կորուստների փոխհատուցման իրավունքները և հայոց հայրենատիրության իրավունքի ամբողջացման հարցը Հայկական Բարձրա վանդակի նկատմամբ։
  4. ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թ. նոյեմբերի 22–ի Իրավարար Վճռի իրացման նպատակով իրավաքաղաքական հարաբերություններ հաստատել Սևրի պայմանագիրը ստորագրած 18 երկրների հետ:
  5. Շարունակել 1921 թ․ Ռուս–թուրքական պայմանագրերի (Մոսկվա, մարտի 16 և հոկտեմբերի 13), ինչպես նաև Կավբյուրոյի (1921 հուլիսի 5) որոշումը չեղարկելու գործընթացը։

Նախաձեռնողներ՝

Հայաստանի Մտավորականների Ֆորում և Ավագանի (Հայաստան)

Գիտությունների Համահայկական Միջազգային Ակադեմիա (ԱՄՆ, Գերմանիա, Հայաստան)

«Տեսակետ» քաղաքական –վերլուծական հաղորդաշար (ԱՄՆ)

Հայկական Համայնքների Ռազմավարական Ծրագրերի Կենտրոն (Հայաստան)

Հայաստան ժողովրդական նախաձեռնություն (Հայաստան)

Երևան, 26.09.2017թ.

Translate »